Հեռավար աշխատանք. նոր նորմալ աշխատելաձեւ Հայաստանում (Մաս 1)

Աշխարհում շատերի համար 2020 թվականն սպասված տարի էր: Ինչո՞ւ: Պատճառները բազմաթիվ են, որոնցից կարող է լինել նաև մի շարք «ոսկե թվանշանների» առկայությունը, քանի որ մարդիկ հակված են նշանակություն տալ «սուպեր» ամսաթվերին:

2020 թվականն սկսվեց մեծ ու դրական սպասումներով, սակայն մարտ ամսից մեր կյանքը կտրուկ փոխվեց․ ի հայտ եկավ Covid-19 համաճարակը, որը մինչ այժմ ամբողջ աշխարհում խլել է 2,498,489 մարդու կյանք, փոխել մեր առօրյան ու ծրագրերը:

Հիմա, այն ինչը մենք հստակ գիտենք, հետևյալն է՝ համաճարակը դեռ շարունակվում է, պետք է ապրենք այս վիրուսի հետ միասին ու փորձենք հարմարվել բոլոր աննորմալ պայմաններին:

2021 թվականին արդեն հեռավար աշխատելն այլևս պարտադիր չէ, սակայն….

2020 թվականից սկսած` համավարակի պատճառով շատ ընկերություններ թույլ են տվել կամ պարտադրել են իրենց աշխատակիցներին աշխատել հեռավար կարգով: Լա՞վ է սա, թե՞ վատ:

Այս հարցի պատասխանն իմանալու համար  Այոմեթրիքս (iOmetrics) ընկերությունը հարցում իրականացրեց հեռակա տարբերակով  աշխատող անձանց շրջանում 2020 թվականի մարտի 30-ից ապրիլի 24-ը, որի արդյունքները ներկայացված են «Global Work-from-Home Experience Survey» զեկույցում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում  հարցվածների 68%-ը նշել է, որ տանից աշխատանքն ավելի լավ է ստացվում, իսկ 77%-ը՝ «լիարժեք արդյունավետ» է զգում՝ աշխատելով տնային գրասենյակից: 3000 հարցվածներից 76%-ը ցանկանում է շարունակել աշխատել տանից շաբաթական առնվազն 2,5 օր: Նշվածի մասին է փաստում «Enterprise Technology Research» ընկերության հետազոտությունը,  ըստ որի, 2021 թվականին արդեն մշտապես հեռավար աշխատողների քանակը կկրկնապատկվի:

Ներկայումս մի շարք ընկերություններ արդեն իսկ երկարաձգել են հեռավար աշխատելու ժամանակահատվածը։ Նման ընկերություներից են, օրինակ՝

  • Apple-ը, որի անձնակազմի գերակշիռ հատվածը գրասենյակ չի վերադառնա մինչև 2021 թվականի հունիսը:
  • Google-ը, որի աշխատակիցները տնային պայմաններում կաշխատեն մինչև 2021 թվականի սեպտեմբերը, որից հետո կվերադառնան գրասենյակ կես դրույքով՝ աշխատելով առնվազն երեք օր գրասենյակում, իսկ մնացած ժամանակը՝ տանը:
  • Uber-ը, որտեղ աշխատակիցները կարող են աշխատել տանից մինչև 2021 թվականի հունիսը: Աշխատակիցները կստանան նաև 500 ԱՄՆ դոլար տնային պայմաններում գրասենյակ հիմնելու համար:
  • Facebook-ը՝ անձնակազմը հեռակա կաշխատի մինչև 2021 թվականի հուլիսը.
  • Անցնեք Հայաստանին․․․․․ Իսկ ինչպիսի՞ն է վերաբերմունքը հեռավար աշխատանքի նկատմամբ Հայաստանում: Այստեղ սկզբնական շրջանում տանից աշխատելը տարօրինակ, ոչ նորմալ, միևնույն ժամանակ զվարճալի ու հետաքրքիր երևույթ էր: 

Պարզելու համար, թե Հայաստանում այս «նոր նորմալ աշխատելաձևի» նկատմամբ  ինչպիսին է մոտեցումը՝ իրականացվել են մի շարք հարցումներ 15 ընկերությունների ղեկավար անձանց և 20 աշխատակիցների շրջանում:

Այսպիսով, արդեն 10 ամիս է, ինչ հեռավար աշխատելաձևը հարկադրված ձևով ընդունված տարբերակ է հայաստանյան աշխատաշուկայի համար, որը, սակայն իր մեջ ընդգրկում է ընդհատումներով՝ և՛ տանից, և՛ աշխատավայրում, աշխատելու ժամանակահատվածները, որը կարելի է պայմանական կոչել «հիբրիդային» տրբերակ:

Հարցված ղեկավարների  76.9%-ը նշել է, որ ընկերության աշխատակիցները չեն աշխատում հեռավար, 23.1%-ը նշել է, որ ունեն աշխատակիցներ, ովքեր  դեռևս աշխատում են հեռավար տարբերակով:

Ինչ վերաբերում է ընկերությունների ներկայացուցիչներին, ապա նրանց 31%-ը նշել է, որ հեռավար աշխատանքն այլևս պարտադիր չէ, իսկ 69%-ը նշել է, որ երբեք պարտադիր չի եղել. աշխատակիցները ազատ են եղել որոշման կայացման մեջ: