«ՆՈՐՔ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ԹՎԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹՎԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հունիսի 23-25-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի է ունեցել «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» («Цифровая индустрия промышленной России») խորագրով համաժողովը, որի շրջանակներում կայացել է նաև ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնողական համակարգի վերաբերյալ մասնակից երկրների ֆորումը։

Ֆորումի բանախոսներն են եղել Այնուր Ժետպիսովան (Կոլեգիայի նախագահողի օգնական, Թվային նախաձեռնությունների կառավարման գրասենյակ, Եվրասիական տնտեսական միություն), Իլյա Մոիսեևը (Ռազմավարական զարգացման դեպարտամենտի բիզնես վերլուծությունների կառավարման ղեկավար, «Բյուջետային և ֆինանասկան տեխնոլոգիաներ» ԲԲԸ, Ռուսաստանի Դաշնություն), Պավել Կարաչենսկին (Պետական և կորպորատիվ նախագծերի զարգացման դեպարտամենտի զարգացման գծով տնօրեն, «Բյուջետային և ֆինանասկան տեխնոլոգիաներ» ԲԲԸ, Ռուսաստանի Դաշնություն), Արփինե Մելքումյանը («Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի նախագծերի կառավարման բաժնի պետ, Հայաստանի Հանրապետություն), Տատյանա Մացուկևիչը (Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, Բելառուսի Հանրապետություն), Նիկոլայ Բրուխանովը (Աշխատանքային ռեսուրսների զարգացման կենտրոնի թվային աշխատանքային միջնորդության դեպարտամենտի տնօրեն, Ղազախստանի Հանրապետություն) և Տալանտ Շարշաևը (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության աշխատանքի և զբաղվածության խթանման վարչության պետ, Ղրղզստանի Հանրապետություն)։

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ զբաղվածության ոլորտի գործառույթներն իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգը, այն «Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնողական համակարգին ինտեգրելու գործընթացում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այս գործընթացի համար նախատեսվող զարգացման հեռանկարները։