Անցած դարի տեխնոլոգիական առաջընթացը հանգեցրեց արդյունաբերական կառավարման ավտոմատացված համակարգերի զարգացմանը, ինչպես նաև կիբեռտարածքից բխող ռիսկերի արդյունքում սկսեց առաջ քաշվել նաև պատերազմի մի նոր տեսակ՝ կիբեռպատերազմը:
Կիբեռտիրույթը և կիբեռպատերազմները դարձել են պատերազմական գործողությունների տեխնոլոգիական անբաժանելի տարր, ինչով պայմանավորված, անցած երկու տասնամյակներից սկսած դրանք տեղ են գտնում պատերազմերի վերաբերյալ տեսություններում ու դոկտրիններում:
Նախ՝ ի՞նչ է կիբեռպատերազմը: Կիբեռպատերազմ կարելի է համարել զանգվածային թվային հարձակումներն ու գործողությունները, որոնք իրականացվում են պետության կողմից մյուսի նկատմամբ՝ նպատակ ունենալով մուտք գործել վերջինիս ցանցային և համակարգչային համակարգեր, խափանել դրանց գործունեությունը՝ կաթվածահար անելով ռազմավարական ենթակառուցվածքների գործունեությունը: ԱՄՆ Կոնգրեսսի հետազոտական կենտրոնը 2015 թ. զեկույցում նշում է՝ «չնայած կիբեռպատերազմ եզրույթի հստակ դոկտրինալ սահմանման բացակայությանը, այն կարելի է սահմանել որպես մի պետության կողմից մյուս պետության նկատմամբ իրականացվող կիբեռհարձակում, որը հավասարազոր է ռազմական ուժի գործադրմամաբ հարձակման և, որը կարող է շարժառիթ դառնալ բուն ռազմական գործողությունների իրականացման համար»:

Կիբեռտարածքի ընձեռած հնարավորությունների արդյունքում իրականացվող գործողությունների ամբողջությունը կարելի է կոչել կիբեռպատերազմ: Կիբեռպատերազմ հասկացության վերաբերյալ առաջարկվում են տարատեսակ սահմանումներ, որոնցում կան հակասություններ՝ կապված դրա՝ իրական պատերազմ լինելու հարցի հետ:
Ընդ որում, ի տարբերություն պատերազմի մի շարք այլ տեսակների, կիբեռտիրույթում ծավալվող գործողությունները շահավետ են նաև թույլ կամ ռազմական փոքր ներուժ ունեցող պետությունների համար, քանի որ կիբեռհարձակումների իրականանցումը չի պահանջում այնքան ռեսուրս, որքան, օրինակ, զինված հարձակման համար անհրաժեշտ կլինի։ Ստացվում է, որ կիբեռհարձակումների միջոցով պետական կամ ոչ պետական դերակատարները կարող են թիրախավորել և շարքից հանել հակառակորդ այլ պետությունների կառավարական շենքերը, համաշխարհային վառելքի, էներգետիկ մատակարարման համակարգերը, նավթաքիմիական կազմակերպությունների գործունեությունը, հանքարդյունաբերությունը, ռազմական, գիտական, տեխնոլոգիական ոլորտների գործունեությունը և այլն։ Կիբեռհարձակումների արագընթաց և լայն տարածումը պայմանավորված է հատկապես նրանով, որ դրա կիրառման համար անհրաժեշտ ծախսերը բավական քիչ են, արդյունավետ է, ինչպես նաև չկա թափանցիկություն, ինչն էապես կարող է ազդել թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական, և մնացյալ ռազմավարական այլ ենթակառուցվածքների աշխատանքի վրա։ Այդ ամենը բավական հեշտ ու հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ մեր օրերում ցանկացած միավոր, կառույց, որի գործառույթների իրականացումն առնչվում է տեխնոլոգիաների հետ, գտնվում է հարձակման տեսանկյունից ռիսկային գոտում։
Հատկանշական է նաև, որ պատերազմների վերաբերյալ դասական սահմանումներում մշտապես առկա է զինված ուժի բաղադրիչը: Մինչդեռ կիբեռտիրույթի շրջանակներում տեղի ունեցողը չի համապատասխանում պատերազմների ավանդական և դասական մոտեցումներին ու սահմանումներին:
Ակնհայտ է, որ ժամանակակից պատերազմների շրջանակներում, պատերազմները չեն ընթանում բացառապես պետությունների միջև, և, առհասարակ, ռազմական ուժի կիրառումը պարտադիր բնույթ չի կրում: Մյուս կողմից ակնհայտ է նաև, որ ժամանակակից պատերազմների, մասնավորապես, կիբեռպատերազմների շրջանակներում նաև թիրախն է այլ. ներկայումս թիրախավորվում են ո՛չ միայն զինված ուժերն ու ռազմական օբյեկտները, այլ նաև՝ քաղաքացիական բնակչությունը, ինչը հատուկ է ժամանակակից պատերազմներին:
Ըստ Լյուիսի և Թիմլինի, կիբեռպատերազմի հաջողությունը կախված է երկու հիմնական ասպեկտներից՝ միջոցներ և թույլ կողմեր: Ըստ հեղինակների, միջոցները մարդիկ են, գործիքակազմը և կիբեռզենքերը, որոնք հասանելի են հարձակվող կողմին: Իսկ թույլ կողմն այս պարագայում հակառակորդի թիրախային ենթակառուցվածքների կախվածությունն է ցանցային և, առհասարակ, կիբեռհամակարգերից: Ներկայումս առանցքային բոլոր համակարգերի, ենթակառուցվածքների անխափան գործունեությունը կախված է տեխնոլոգիական համակարգերից, ինչը, չնայած ընձեռած հնարավորություններին, ավելի խոցելի է դարձնում այդ համակարգերի գործունեությունը: Դրանց թիրախավորման արդյունքում, օրինակ, ֆինանսական համակարգից տեղեկատվության զանգվածային արտահոսք կարող է լինել, կարող է խաթարվել տրանսպորտային համակարգի գործունեությունը (գնացքների երթևեկության համակարգի վրա հարձակման միջոցով և այլն), օդային երթևեկության համակարգի թիրախավորում, դրանց հաղորդակցության կապի անջատում, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման համակարգերի թիրախավորում: Հետևաբար, մեկ կոճակի սեղմումով այսօր կարելի խաթարել մի ամբողջ պետական ռազմավարական ենթակառուցվածքի բնականոն գործունեությունը՝ ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով հասցնելով ֆինանսական, բարոյահոգեբանական, ինչպես նաև ֆիզիկական վնաս:
Կարելի է պնդել, որ նման (միջնորդավորված) գործողությունները հնարավոր է դիտարկել որպես պատերազմական գործողություններ, անգամ այն դեպքում, երբ միջոցները չունեն ուղիղ ռազմական բնույթ, սակայն դրանց առաջացրած հետևանքներն իրենց արդյունավետությամբ չեն զիջում բուն ռազմական գործողություններին: Ուստի, կարելի է նշել, որ ժամանակակից պատերազմների համատեքստում կիբեռտարածքը վերածվել է մարդու կողմից ստեղծված վիրտուալ, հաճախ նաև՝ իրական ռազմաճակատի, որտեղ տեխնոնոգիական զարգացումները առաջ են բերել ոչ միայն նոր հնարավորություններ, այլ նաև՝ սպառնալիքներ ազգային և միջազգային անվտանգության համար: Սա պայմանավորված է նաև ժամանակակից պատերամզների շրջանակներում թիրախների փոփոխությամբ, պատերազմի վարման միջոցների արդիականացմամբ, ինչպես նաև դրանց իրականացման նոր ռազմավարություններով, որոնք էապես փոխել են պատերազմների բնույթը՝ հանգեցնելով ավանդական և ժամանակաից պատերազմների հստակ տարանջատմանն ու տարբերությունների ընդգծմանը:
Հեղինակ՝ Կիմ Սերոբյան