ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԻԼԵՄԱՆ (ՄԱՍ 2)

Կիբեռպատերազմների ուսումնասիրությունների շրջանակում տեսական մակարդակում առկա դիլեման բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Չնայած պետական և ոչ պետական դերակատարների միջև տեղի ունեցող հակամարտությունների տարբերություններին, որոնք տեղի են ունենում կիբեռտիրույթում և փոփոխում միջազգային հարաբերությունների բնույթը, ռազմական փորձագետները վարանում են կիբեռտիրույթում հակառակորդի նկատմամբ իրականացվող գործողությունները համարել իրական պատերազմներ:

Պատերազմի առաջնային բնութագրիչներից մեկը դրա ռազմական բնույթն է: Ինչպես Կլաուզևիչն է նշում, դա ուժի կիրառումն է հակառակորդի նկատմամբ, որի նպատակը հակառակորդին սեփական կամքը պարտադրելն է: Ըստ Գիբբսի, եթե գործողությունը, հարձակումը  պոտենցիալ բռնի չէ, ապա այդտեղ չկա պատերազմական որևէ հատկանիշ, քանի որ իրական պատերազմում զինված ցանկացած բախում կամ հարձակում կողմերից առնվազն մեկի համար մահացու հետևանքներ է ունենում, իսկ քանի դեռ այդ զինված ուժի կիրառումը առկա չէ, հարձակումը չի կարելի համարել իրական պատերազմ: Ուստի, կիբեռպատերազմի վերաբերյալ տեսական մակարդակում առկա մոտեցումները հակասում են միմյանց: Ուսումնասիրողները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը գտնում է, որ կիբեռպատերազմն իրական պատերազմ չէ, մինչդեռ մյուս խումբը պնդում է, որ կիբեռտիրույթը մարդու կողմից ստեղծված պատերազմական նոր հարթակ է, իսկ կիբեռպատերազմը պետք է դիտարկել որպես իրական պատերազմ: Հակասությունն ընդգծելու համար կարելի է նշել Թոմաս Ռիդի կողմից առաջ քաշվող այն մոտեցումը, ըստ որի պատերազմն ինքնին բռնի բնույթ ունի, և այն պետք է ներառի ռազմական գործողություններ, ուժ և ռազմամթերք: Այսինքն, Ռիդը պատերազմների ուսումնասիրության շրջանակներում առանցքային նշանակություն է տալիս զինուժի և ֆիզիկական ուժի կիրառմանը, մինչդեռ կիբեռպատերազմների շրջանակներում չի եղել դեպք, երբ որևէ մեկն ուղղակիորեն ֆիզիկական վնաս կրի կամ զոհվի: Նույն մոտեցման համաձայն, եթե գործողությունը չի կրում պոտենցիալ վայրի, ռազմական բնույթ՝ ապա այն չի կարող համարվել պատերազմ կամ պատերազմական գործողություն, ավելին՝ ոչ ֆիզիկական ուժի գործադրմամբ գործողությունը պատերազմ համարելը փոխաբերություն է, ոչ թե՝ պատերազմ՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ կիբեռհարձակումները ոչ թե խթանում են, այլ կանխում են ուղիղ կերպով բռնության գործադրումը: 

Հետազոտողների մեկ այլ խումբ կիբեռտիրույթը համարում է ժամանակակից պատերազմների համար նոր հարթակ, իսկ կիբեռպատերազմները՝ միջազգային անվտանգության համար համեմատաբար վերջերս առաջ եկած սպառնալիք՝ ներկայացնելով դրանք որպես իրական պատերազմ: Նման մոտեցումների համար որպես փաստարկ ներկայացվում է, որ կիբեռպատերազմների ընթացքում կիբեռհարձակումները, համակարգչային վիրուսները ուղիղ կերպով չեն վնասում, չեն սպանում, սակայն դրանք կարող են, օրինակ, անջատել հիվանդանոցային ողջ համալիրի էլեկտրականությունը՝ վտանգելով մարդկային կյանքեր, կամ՝ փոփոխել ինքնաթիռի կառավարման համակարգը՝ խափանելով վերջինիս շարժիչի աշխատանքը,  հաղորդակցական համակարգը՝ զրկելով կապից և այլն: Հաշվի առնելով կիբեռտիրույթի ընձեռած նորագույն հնարավորությունները և դրանից առաջ եկող արտահրավերները՝ կիբեռպատերազմներն անհրաժեշտ է դիտարկել որպես իրական պատերազմներ, որոնք առանց ավանդական միջոցների գործադրման հասցնում են ոչ պակաս ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հարվածներ հակառակորդին:

Հեղինակ՝ Կիմ Սերոբյան